Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց, բայց ամեն ինչ արեցինք, որ ժողովուրդը դա չնկատի»

«Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց, բայց ամեն ինչ արեցինք, որ ժողովուրդը դա չնկատի»
18.03.2016 | 10:59

Մարտի 15-ին լրացավ լեգենդար ծաղրածու-մնջախաղաց, ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի 81-ամյակը: Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ անցյալ տարի Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց, հավելելով, որ իրենք արել են ամեն ինչ, որ ժողովուրդը դա չնկատի: Հոբելյանական տարում Երևանում, ՀՀ մարզերում, նաև Հայաստանից դուրս` Եկատերինբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում և այլուր կազմակերպել են բազմապիսի միջոցառումներ` նվիրված Ենգիբարյանին, Հայաստան են հրավիրել Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը և այլն:


«Ենգիբարյանը գործել է ընդամենը 10 տարի և դարձել է դասական: Ռուսներն ասում են, որ նա ռուսական ուղղվածության ծաղրածու է, մենք ասում ենք` հայկական։ Կրկեսի եվրոպական ասոցիացիան, որի անդամ եմ ես, համարում է, որ նա եվրոպական ուղղվածություն ունի: Ես ինքս թեզ եմ պաշտպանել` Ենգիբարյանին նվիրված, բայց մինչ օրս ինձ համար անհասկանալի է նրա արվեստի մեծությունը: Մի բան կարող եմ հստակ ասել՝ նա լավագույնս տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերի ամենաբարձրագույն ու դժվար հնարքներին և առաջինն էր, ով կրկեսային հնարքը միացրեց թատերական կերպարին»,- ասաց Սոս Պետրոսյանը:
Ի՞նչ փուլում են կրկեսի շենքի կառուցման աշխատանքները, ե՞րբ է իր դռները բացելու Երևանի կրկեսի նոր շենքը, ինչպիսի՞ կրկես կունենանք, ի՞նչ են անում այս ընթացքում կրկեսի արտիստները: Անդրադառնալով այս հարցերին` Սոս Պետրոսյանը նախ նշեց, որ կրկեսի բացումը նախատեսվում է 2017-ի հոկտեմբերին: Միաժամանակ կնշվի նաև կրկեսային կոլեկտիվի ստեղծման 60-ամյակը: Կհրատարակվի հայ կրկեսի մասին պատմող բազմաէջանոց պատկերազարդ գիրք: Կրկեսային գործիչների հայկական միջազգային միությունն ունի 3 հազար անդամ: Դերասանները սփռված են աշխարհով մեկ: Նրանք բոլորն ուզում են բացմանը ներկա լինել: Կրկեսի բացումից հետո կմեկնարկեն կրկեսային արվեստի մեծ փառատոները, որոնցից մեկը` նվիրված Ենգիբարյանին: Դրանք կունենան պետական գրանցում:
«Կրկեսը կառուցելու համար ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Տաշիր գրուպ» ընկերությանը: Այդ մարդիկ կրկես են նվիրում մեր հանրապետությանը: Մենք ունեցել ենք մի կրկես, որտեղ ամռանն անտանելի շոգ էր, ձմռանը` ավելի ցուրտ, քան դրսում: Բայց երբևէ չենք դադարել աշխատելուց: Շուրջ տասը միջազգային մրցույթի ժյուրիի անդամ եմ, գործի բերումով լինում եմ տարբեր երկրներում և տեսնում եմ, թե պայմաններն ինչպիսին են։ Բաքուն երկու կրկես ունի, Թբիլիսիի կրկեսն արդեն պատրաստ է: Մենք կրկեսային արվեստի զարգացման համար պետությունից մի լումա չենք ստացել: Ավելին` կրկեսը արվեստի միակ օջախն է, որ չի օգտվել «Լինսի» հիմնադրամի օժանդակությունից: ՈՒրեմն` բռավո, «Տաշիր»:
Նոր կրկեսն ունենալու է ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ: Նախկինում չէին կարողանում լայնամասշտաբ ներկայացումներ պատրաստել, ինչպես, օրինակ, կրկեսը սառույցի վրա, կրկեսը ջրի մեջ, օդային ատրակցիոններ: Այսօր արդեն մոդեռնիստական բոլոր հնարավորություններն ստեղծվելու են: Հնարավոր կլինի այստեղ զանգվածային միջոցառումներ կազմակերպել և ոչ միայն կրկեսային. նաև` շոու ծրագրեր, մարզական միջոցառումներ, թատերական մասսայական ներկայացումներ:
Անկախ կրկեսի շենքի չափերից՝ նրա ասպարեզի (մանեժ) չափը միշտ նույնն է՝ 13 մ տրամագծով, որովհետև ձիերի վազքի ամպլիտուդը համապատասխանում է այդ տրամագծին, 12-ի դեպքում, օրինակ, ձիերի ոսկորները կջարդվեն:


Նախկինում կրկեսն ուներ 1563-տեղանոց դահլիճ, իսկ հիմա կլինի 2500: «Մտահոգությունը հասկանում եմ, մեր քաղաքում պատմամշակութային արժեք ունեցող շենքեր են քանդվում, ինչին ինքս էլ դեմ եմ: Կրկեսի շենքն առանձնապես տեսք չի ունեցել, հիմա կլինի հարյուր անգամ ավելի շքեղ»,- ընդգծեց Սոս Պետրոսյանը, հավելելով, որ ճարտարապետը մոսկվաբնակ Վահագն Վերմիշյանն է, ով հեղինակ է ճարտարապետական մեծ նախագծերի:
Ենթադրվում է, որ կրկեսի վերաբացումից հետո կփոխվի տոմսերի գինը: Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ տոմսերի արժեքի մասին վաղ է խոսելը, բայց «Տաշիրը» ոչ մի մտադրություն չունի գներ բարձրացնելու, կանեն ամեն ինչ, որ հարմար լինի ժողովրդին:
Անդրադառնալով կադրերի խնդրին` Սոս Պետրոսյանն ասաց, որ շատերը կարծում են, թե դերասանները նստած սպասում են, թե երբ է շենքը բացվելու. «Մեր բոլոր դերասանները հյուրախաղերի են: Տվեք ինձ կրկեսի թեկուզ միջակ դերասան, ուղիղ չորս օրից ուղարկեմ տարբեր երկրներ, կրկեսային ներկայացումների մեծ պահանջ կա դրսում»:
«Այդ առումով ինչպիսի՞ն է պատկերը մեր երկրում: Կա՞ հետաքրքրություն կրկեսային արվեստի նկատմամբ»,- մեր այս հարցերին ի պատասխան ասաց, որ 1972-ին` Ենգիբարյանի մահից երկու ամիս անց, հիմնել է նրա անվան կրկեսային ստուդիա, որը գործում է մինչ օրս: 3000 աշակերտ է ունեցել: Ներկայումս մեծ թիվ չեն կազմում սաները, դժվարություններ կան: Դրա համար կրկեսային ստուդիայում ուսումն անվճար է, ոչ մի լումա չեն վերցնում, մի բան, որ ոչ մի տեղ չկա: Տեղեկացանք նաև, որ այս տարի կրկեսային ռեժիսորների կուրս է բացվելու թատրոնի և կինոյի ինստիտուտում: Կա նաև ուշադրության պակաս: «Եթե մեր մարզիկները 67-րդ տեղ էլ են գրավում որևէ մրցաշարում, բոլոր թերթերը գրում են: Չկա ամիս, որ մեր կրկեսի դերասանները այս կամ այն միջազգային մրցույթում տեղեր չգրավեն, իսկ անդրադարձ գրեթե չկա»,- ասաց կրկեսի գեղարվեստական ղեկավարը:
Հուսանք որ վերաբացված կրկեսը կլինի հյուրընկալ, կունենա հարուստ ծրագիր և կգնահատվի ինչպես հարկն է:
Սոս Պետրոսյանը Լեոնիդ Ենգիբարյանի սանն է: «Իրատեսը» խնդրեց բնորոշել արտիստին, մի փոքր պատմել` ինչպիսին էր նա կյանքում, բեմում: Սոս Պետրոսյանը երկու դրվագ պատմեց.
«Նա չէր սիրում, երբ իրեն կարգադրում էին, ասում` այս կամ այն արա: Նա անկախ մարդ էր և կարծում էր, որ յուրաքանչյուր ոք իր գործում պետք է պրոֆեսիոնալ լինի: Բաքվում աշխատում էինք: 71 թվականն էր: Շվեդացի իմպրեսարիոն տեսավ Ենգիբարյանին, մեր ծրագիրը ու առաջարկեց վեց ամսով մեկնել սկանդինավյան երկրներ: Շատ էինք ուրախացել: Դա նշանակում էր, որ կգնայինք-կգայինք ու այնքան գումար կվաստակեինք, որ յուրաքանչյուրս երկու «Ժիգուլի» կարող էր գնել: Բայց երբ իմպրեսարիոն թարգմանչի միջոցով Ենգիբարյանին առաջարկեց ռեպրիզներից մեկում ընդգրկել ռուսական ոճի ստեղծագործություն, Ենգիբարյանն ասաց՝ «пошел ты», ու գնաց: Այսպես մեր փոխարեն Շվեդիա մեկնեց Օլեգ Պոպովը»:
«Ենգիբարյանը շատ էր սիրում աղջիկներին: Երկուշաբթի օրը կրկեսում հանգստյան օր էր: Կիրակի երեկոյից սկսած նրան այցի էին գալիս երկրպագու աղջկները: Նա ապրում էր կրկեսի շենքի իր համարում` 41 սենյակում: Ինձ ցուցակ էր տալիս, ասում էր` Սոս, 12-ին դիմավորում ես Կատյային, Տանյային ճանապարհում ես 13-ին… ու այդպես շարունակ մեկին ճանապարհում, մյուսին դիմավորում էի: Հետաքրքիրն այն է, որ նրանց ռեստորան կամ տեսարժան վայրեր չէր տանում: Գառնի-Գեղարդ, Խոր վիրապ ես էի տանում աղջիկներին: Նրա հանդիպման վայրն իր 41 համարի սենյակն էր, որտեղ փոքրիկ բեմադրություններ էր կազմակերպում, ցույց էր տալիս իր նովելները, կրկեսային համարները: Այսպիսի յուրօրինակ կնամոլ էր Ենգիբարյանը»: Տեղին է հիշել մեծ արտիստի խոսքերը. «Բեմն իմ կյանքն է, առանց դրա չեմ կարող լիարժեք ապրել, իսկ մարդկանց ժպիտ պարգևելն ամենամեծ օգնությունն է, որ կարող է երբևէ լինել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ